‘
Տաջիկստանում նորից վերականգնվում է անձի պաշտամունքը, այդ մասին են վկայում երկրի տարբեր հատվածներում փակցված Տաջիկստանի առաջնորդի հսկայական նկարները:
Տաջիկստանը 1992թ.-ից ղեկավարող Էմոնալի Ռահմոնի այս տարվա նոյեմբերին ևս յոթ տարով վերընտրվելը այս առումով ոչ մեկի համար զարմանալի չէր: Անկախության քսան տարիներին քիչ բան է փոխվել, երկրի ղեկավարի և նրա ընտանիքի մասին քննարկումները թեև արգելված չեն, սակայն հասարակության մեջ հազվադեպ են բարձրացվում նման հարցեր, քանի որ վախենում են իշխանությունների կողմից հետապնդումներից:
Տաջիկստանում երկրի ղեկավարին դիմում են «Ձերդ գերազանցություն» դիմելաձևով, և նման պաշտոնական դիմելաձևը պարտադիր է ոչ միայն պաշտոնատար անձանց, այլև շարքային բնակիչների համար:
Երկրի շրջաններ նախագահի այցերին նախապատրաստվում են նախօրոք, ջանասիրաբար մաքրում են փողոցները, որոնցով անցնելու է Ռահմոնը, և նրան դիմավորում են երգով, պարով, նրան նվիրված բանաստեղծությունների ասմունքով, նրա վրա վարդի թերթիկներ են շաղ տալիս, և նրան անվանում են փադիշահ՝ արքայից արքա և փրկիչ:
Հեռուստաեթերում նույնպես նախագահի վերաբերյալ կարելի է լսել «ժողովրդի հայր», «արքայից-արքա», «ազգի փրկիչ» և նմանատիպ այլ արտահայտություններ:
Գովազդային վահանակների և շինությունների պատերի վրա փակցված երկրի նախագահի հսկայական նկարներ կարելի է հանդիպել բոլոր քաղաքներում, գյուղերում և շրջաններում, ընդորում, նկարներին կից կան մեջբերումներ Ռահմոնի արտահայտություններից:
Իշխող ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունում կարծում են, որ երկրի նախագահի անթիվ նկարների փակցնելը շատ երկրներում ընդունված պրակտիկա է, որի նպատակն է երկրի ղեկավարի հայտարարությունները ժողովրդական զանգվածներին հասցնելը:
Ընդորում, կուսակցությունից նշում են, որ այդ հարցում երկրի ղեկավարը իբր կուսակցական վերնախավի հետ համաձայն չէ, և դա միակ հարցն է, որի վերաբերյալ երկրի ղեկավարն ու կուսակցության վերնախավը տարակարծիք են:
BBC
‘