‘
Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը սպառնացել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել, եթե չդադարեցվի Թուրքիայի տարածքով նավթի արտամղումը դեպի Եվրոպա, այսօր հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը:
«Եթե Հյուսիսային Իրաքը չդադարեցնի նավթի արտամղումը Թուրքիա, մենք կկրճատենք նրա եկամուտները: Դա սահմանադրության խախտում է: Ո՛չ Հյուսիսային Իրաքին, ո՛չ Թուրքիային մենք դա թույլ չենք տա: Թուրքիան չպետք է միջամտի այս իրավիճակին, որը կարող է վնաս հասցնել Իրաքի ինքնավարությանը»,- ասել է Մալիկին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրաքի նավթարդյունաբերության նախարար Հուսեյն ալ-Շեհրիստանին կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպանատան գործերի հավատարմատարին և նրան զգուշացում արել, փոխանցում է ria.ru-ն:
‘