‘
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն իր՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ապա բոլորն էլ մտահոգված են առաջընթացի բացակայությամբ և իրավիճակի վատթարացմամբ. միայն այս տարվա ընթացքում 28 զինծառայող է սպանվել: Ես ինքս կիսում եմ այդ մտահոգությունը: Մենք շարունակում ենք աջակցել Մինսկի խմբի, ինչպես նաև համանախագահող Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ջանքերին: Սակայն միջազգային հանրության ներդրումներն էական չեն լինի, եթե հակամարտող կողմերը բանակցությունների միջոցով համերաշխության գալու քաղաքական կամք չդրսևորեն: Ես ընդգծել եմ սա Նյու-Յորքում երկու կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Տարածաշրջանում լարվածության սրումից խուսափելու և երկար սպասված անվտանգությունը հաստատելու միակ տարբերակը բանակցությունների բովանդակությանը վերադառնալն է», — «Ինտերֆաքս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
‘