‘Նախկին ամուսնու կողմից հրկիզված կինը մահացել է հիվանդանոցում’

1296

Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նախկին ամուսնու կողմից հրկիզված կինը մահացել է հիվանդանոցում: Այդ մասին հայտնում են ոստիկանությունից:

Հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում 7 անգամ դատապարտված Լեւոն Հ.-ն եւ հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա եւ հրկիզել:

Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լեւոն Հ.-ն Առատաշեն գյուղում գտնվող իր նախկին կնոջ` 1960 թ. ծնված Օֆելյա Մովսեսյանի եւ վագոն-տնակի վրա բենզին է լցրել եւ հրկիզել:

Վագոն-տնակում է եղել նաեւ Օֆելյա Մովսեսյանի ներկայիս ամուսինը` 1942 թ. ծնված Ռուդոլֆ Բ.-ն:

Վերջիններս այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Լեւոն Հ.-ն Առատաշեն գյուղից բերման էր ենթարկվել:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Լեւոն Հ.-ն ձերբակալված է:

Հունվարի 22-ին, ժամը 21.30-ին, Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Օֆելյա Մովսեսյանը մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Նոր տարին՝ նոր փոփոխություններով’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չի արձանագրել’