‘
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հանրապետության քաղաքացիներին շնորհավորել է Արցախի վերածննդի օրվա առթիվ:
Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: Փետրվարի 20-ը մեր ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի տոն, որը խորհրդանշում է արցախցիների ազատատենչ ոգին, հայրենի երկրում ազատ ու անկախ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու անսասան կամքը: Այդ օրինական, խաղաղ ու արդարացի պահանջին ի պատասխան Ադրբեջանը սանձազերծեց կոտորածներ ու բռնի տեղահանություններ եւ մեր նորանկախ պետությանը ներքաշեց արյունահեղ պատերազմի մեջ: Դա չափազանց ծանր ու դժվարին տարիներ էին Արցախի կյանքում: Դիմակայելով անասելի զրկանքների ու փորձությունների, կրելով անդառնալի կորուստներ` մեր ժողովուրդը պահ անգամ չերկմտեց ու չընկճվեց, այլ իր քաջ զավակների կյանքի գնով, աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրների միասնականության ու սխրանքի շնորհիվ կարողացավ պաշտպանել հայրենի հողը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում եւ սերունդների հիշողության մեջ: Անցած տարիները եկան ապացուցելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի: Արցախահայությունը շարունակում է կառուցել միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան ժողովրդավարական պետություն, շարունակում է շենացնել գյուղերն ու քաղաքները, կառուցել նոր ճանապարհներ ու ջրատարներ, բնակարաններ ու հիվանդանոցներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, օրեցօր բարելավել մարդկանց կենսապայմանները»:
1988 թվականի փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային խորհրդի եւ Շահումյանի շրջանային խորհրդի հետ համատեղ նիստում որոշում կայացրեց Ադրբեջանի ՍՍՀ կազմից դուրս գալու եւ Հայկական ՍՍՀ կազմի մեջ մտնելու մասին: Խորհուրդը այս որոշման պատճենը ուղարկեց Ադրբեջանական եւ Հայկական ՍՍՀ-երի եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ հաստատման: Բաքվի իշխանությունները Կրեմլի թողտվությամբ այս որոշմանն ի պատասխան հայերի ջարդեր կազմակերպեցին Սումգայիթում՝ 1988-ի փետրվարին, Բաքվում, 1990թ. հունվարին, Կիրովաբադում (Գանձակ) եւ այլուր:
‘