‘
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Նասրին Սոթուդեին և Ջաֆար Փանահիին՝ Եվրոխորհրդարանի Մ. Սախարովի՝ հանուն մտքի ազատության հեղինակավոր մրցանակին արժանանալու կապակցությամբ:
«Կոչ ենք անում Իրանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել Սոթուդեհին և չեղյալ հայտարարել Փանահիի նկատմամբ գործող սահմանափակումները, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին ու իրենց համոզմունքների համար ձերբակալված այլ անձանց»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:
Նասրին Սոթուդեն իրավաբան է, որը բազմիցս պաշտպանել է Իրանում ընդդիմության՝ քաղաքական հետպնդումների ենթարկվող ներկայացուցիչներին: 2010թ. սկզբին նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման «հակապետական քարոզչություն անցկացնելու» և պետական դավադրություն կազմակերպելու մեղադրանքով: Իսկ ռեժիսոր Ջաֆար Փանահին ձերբակալված է հակապետական գործունեության մեղադրանքով:
‘