‘
Իթ ալ-Աթխ (Կուրբան Բայրամ) կրոնական տոնին ընդառաջ Սիրիայում կնքված ժամանակավոր հրադադարի հենց առաջին օրը երկրում 146 մարդ է սպանվել, գրում է France-Presse գործակալությունը ՝ հղում կատարելով The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը, որի տվյալների համաձայն՝ զոհվածների թվում են 53 խաղաղ քաղաքացի, 50 ընդդիմադիր և կառավարամետ զորքերի 43 ներկայացուցիչ:
Ավելի վաղ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակից ուժերն ու ընդդիմադիրների հրամանատարները հայտարարել էին մահմեդական տոնին ընդառաջ քառօրյա հրադադար պահպանելու իրենց որոշման մասին: Հրադադարի մասին պայմանավորվածությունը պետք է գործեր հոկտեմբերի 26-ից-29-ը ներառյալ, սակայն դրա մասին արված հայտարարությունից ընդամենը ժամեր անց ընդդիմադիրների և Ասադին հավատարիմ ուժերի միջև մարտերը վերսկսվեցին:
Ամենից դաժան մարտերն ընթանում են Սիրիայի ամենամեծ քաղաքում՝ Հալեպում և մայրաքաղաք Դամասկոսում:
‘