‘Ղրիմի իշխանությունները թաթարներին տեղեր են առաջարկել կառավարությունում’

854

Ղրիմի իշխանություններն առաջարկել են Ղրիմի թաթարների ներկայացուցիչներին տեղեր հատկացնել ինքնավարության կառավարությունում: Այդ մասին այսօր հաղորդել է РИА Новости գործակալությունը:

Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ Ղրիմի թաթարներին առաջարկել են մեկ փոխվարչապետի, երկու նախարարի, ինչպես նաև փոխնախարարների պաշտոնները «գործնականում՝ բոլոր նախարարություններում», այդ թվում՝ ուժայիններում: Ակսյոնովը նաև հայտարարել է, թե Ղրիմում նախատեսվում է անցնել երկլեզվյան քաղաքականության: Ըստ նրա՝ ներկայում Ղրիմում ավելի գործածելի են ռուսերենը և ղրիմաթաթարերենը: «Բնականաբար՝ բոլորը հնարավորություն կունենան զարգացնելու իրենց մայրենի լեզուն»,-հավաստիացրել է Ակսյոնովը: Բացի այդ՝ Ղրիմի կառավարությունն առաջարկել է կրկնակի մեծացնել վտարված թաթարների վերադարձին և նրանց կենսագործունեությանը հատկացվող միջոցների ծավալը:

Ինչպես հաղորդել է  РИА Новости գործակալությունը, Ակսյոնովը և փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը Ղրիմի թաթարների հետ բանակցություններ են վարում՝ «նրանց բացատրելով Ղրիմի Ինքանավար Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ առաջիկա հանրաքվեին մասնակցելու անհրաժեշտությունը»: Ավելի վաղ Ղրիմի թաթարների Մեջլիսը (ոչ պաշտոնական խորհրդարանը)կոչ է արել բոյկոտել հանրաքվեն: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Կաասը երգում է Պիաֆ». Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր չափերի հափշտակության մեջ մեղադրվող ԴԱՀԿ աշխատակցի գործով քննությունը վերսկսվել է’