‘
«Ավելի կոմպետենտ է, որպեսզի մեկնաբանի նախագահը կամ իր կողմից լիազորված անձինք, ես ընդամենը իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ մեկ բան եմ միշտ ասել. սևով սպիտակի վրա կան գրված օրենքներ և հատկապես՝ քրեական օրենսգիրքը, որի հետ մենք վերջերս հարկադրված ենք լինում առնչվել, կցանականամ, որպեսզի ՀՀ-ում բոլոր հանցագործությունները ուսումնասիրվեն և բացահայտնվեն միայն դրանց դրույթների համաձայն, որևէ այլ նկատառում կամ հանգամանք այստեղ անընդունելի է»: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով վերջերս Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված կոշտ քննադատությունը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Տիգրան Ուրիխանյանը հավանական է համարում նման հայտարարություններից հետո Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունը, ԲՀԿ խոսնակն ասաց, որ կոռեկտ չի համարում հավանական գործողությունների մասին խոսել, ինչպես ինքը նշեց՝ համենայն դեպս՝ իր դիրքից ելնելով: Նրա կարծիքով՝ հարցը կարելի է ուղղել կոմպետենտ մարդկանց, ովքեր իրավասու են ազատել կամ նշանակել գլխավոր դատախազին:
‘