‘
Ուկրաինայի ուժային կառույցները հայտարարել են, որ նախօրեին Դոնեցկի մարզի հարավում ոչնչացվել է գրոհայիններին պատկանող և հինգ ԿամԱզներից բաղկացած ավտոշարասյունը:
Գրոհայինների կրած կորուստների մասին չի հաղորդվում:
Ինչպես հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության գերատեսչությունը, նախօրեին գրոհայինները, քաղաքացիական տրանսպորտով ու սպիտակ դրոշ պարզած՝ հարձակվել են ուկրաինական զինվորականների պահակակետերից մեկի վրա և ոչնչացվել են: Սպանված և վիրավորված գրոհայինների մասին նույնպես տեղեկություններ չեն հաղորդվում:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշում են նախարարությունից, մեկ օրվա ընթացքում գրոհայինները 16 անգամ կրակ են բացել Ուկարինայի ԶՈՒ պահակակետերի և ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ և երկու անգամ հարձակվել են Ռայգորոդոկ բնակավայրի մոտով անցնող ավտոշարասյան վրա:
Հուլիսի 1-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարեց երկրի արևելքում զինադադարը դադարեցնելու մասին: Դրանից անմիջապես հետո ուժայինները հրետակոծություն բացեցին Սլավյանսկի, Կրամատորսկի և մի շարք այլ ուղղություններով:
Մոսկվան հատուկ գործողությունն անվանում է պատժիչ գործողություն և Կիևին կոչ է անում անհապաղ դադարեցնել այն: Փոխանցում է ria.ru-ն:
‘