‘
«Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնի չորրորդ օրը ևս հագեցած էր մամուլի ասուլիսներով ու տարբեր միջոցառումներով: Այս մասին հաղորդում է «Ոսկե ծիրանի» պաշտոնական կայքը: Լրագրողների հետ հանդիպել և իրենց ֆիլմերն են ներկայացրել Հայկական համայնապատկեր ծրագրում ընդգրկված «Շքամուտք» (ռեժ.` Լուսինե Սարգսյան), «Թևանիկ» (ռեժ.` Ջիվան Ավետիսյան), «Աստղ» (ռեժ.` Աննա Մելիքյան) խաղարկայինների, և այնուհետ` նույն ծրագրում ընդգրկված «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» (ռեժ.` Ռուբեն Գինեյ), «Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է» ( ռեժ.` Արման Երիցյան) և «Կյանքը նորից սկսել. չհորինված պատմություն» (ռեժ.` Իվան Տվերդովսկի) վավերագրականների հեղինակ ռեժիսորները: Կեսօրին տեղի է ունեցել «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագրի շրջանակներում իրականացվող հանրային բանավեճ- քննարկումը, որին որպես բանախոսներ հանդես են եկել լեհ լեգենդար քաղաքական գործիչ Ադամ Միխնիկը, անվանի կինոգետ Ռիչարդ Պենյան, լրագրող Նունե Սարգսյանը և ոլորտի այլ մասնագետներ:
Կարևորագույն իրադարձություններից էր մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված կոկտեյլը, որն իրականացվել էր «Ոսկե ծիրանի» երկար տարիների գործընկեր «Արարատ» կոնյակի գործարանի աջակցությամբ: Միջոցառման ընթացքում կազմակերպությունը փառատոնի պատվավոր հյուրերից հռչակավոր Ցզյա Չժանկեին հանձնել է բացառիկ քանակությամբ արտադրված «Փարաջանով» կոնյակ` որպես հուշանվեր: Իսկ փառատոնի գործընկեր «Վեդի Ալկո» ընկերությանը հաձնվել է «Ոսկե ծիրան» հուշամեդալ` արդյունավետ և երախտավոր համագործակցության համար:
Նշենք, որ իրադարձությանը փառատոնի բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա էր եղել նաև փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն պարոն Ռալֆ Յիրիկյանը:
Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել Նոր գերմանական կինո ծրագրի բացումը` «Աշխարհների միջև» (ռեժ.՝ Ֆեո Ալադաղ)-ի ցուցադրությամբ: Իրադարձությանը ներկա են եղել և հանդիսատեսին ողջունել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մորելը, Գյոթե Ինստիտուտի թբիլիսյան մասնաճյուղի տնօերնը և փառատոնի գեղարվեստական ղեկավար տիկին Հարությունյանը: Վերջինիս փառատոնի անունից Գյոթե ինստիտուտին է հանձնել «Ոսկե ծիրան» հուշամեդալը:
Երեկոյան փառատոնի հյուրերի մի մասը մասնակցել է Տոլմայի փառատոնին Սարդարապատում, մյուսները` «Կադանս» խմբի համերգին` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Երեկոյան տեղի է ունեցել Քեն Դավիդյանի հետ հանդիպում Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: ինչպես նաև Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկկիի «Բարբարոս երկիր» վավերագրականի երևանյան պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում: Օրն ամփոփվեց Շառլ Ազնավուրի հրապարակում բացօթյա համերգով և Պողոսյան այգիներում «Սիրիր ինձ» (ռեժ.՝ Մարինա Էր Գորբաչ, Մեհմեթ Բահադիր Էր) ֆիլմի ցուցադրությամբ:
‘