‘
ԱՄՆ-ում մահացել է ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա ատոմային ռումբ նետած Enola Gay ինքնաթիռի անձնակազմի վերջին անդամը:
«Հոլանդացի» մականվամբ Թեոդոր Վան Քիրքը մահացել է հուլիսի 28-ին Ջորջիա նահանգի ծերանոցում, 92 տարեկան հասակում, գրել է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով Վան Քիրքի որդուն:
1945 թ. Վան Քիրքը 24 տարեկան էր, նա այն ռմբակոծիչի շտուրմանն էր, որը 1945 թ. օգոստոսի 6-ին ատոմային ռումբ նետեց ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա, ինչի արդյունքում զոհվեց 140 հազար մարդ:
Enola Gay-ի անձնակազմը բաղկացած էր 12 հոգուց: Ռմբակոծիչի հրամանատար Փոլ Տիբեթսը մահացել է 2007 թ.՝ 92 տարեկանում: Շտուրման Վան Քիրքն անձնակազմի ողջ մնացած վերջին անդամն էր:
Ճապոնական երկրորդ քաղաքի՝ Նագասակիի վրա ատոմային ռումբ նետած ռմբակոծիչի 13 հոգանոց անձնակազմի հրամանատար Չաք Սուինին մահացել է 2004 թ.՝ 84 տարեկան հասակում:
Հատկանշական է, որ պատերազմից հետո օդաչուները տարբեր կերպ էին գնահատում իրենց արարքը: Վան Քիրքն, օրինակ, ասում էր, որ անիմաստ է համարում պատերազմները և ցանկանում է, որ Երկրագնդի ամբողջ սպառազինությունը ոչնչացվի: Մինչդեռ Սուինին ողջ կյանքի ընթացքում ամերիկյան քոլեջների և համալսարանների ուսանողների առջև կատաղաբար պաշտպանում էր Ճապոնիայի քաղաքների ատոմային ռմբակոծությունը: Փոխանցում է newsru.com-ը:
‘