‘
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
«Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց: Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:
Միեւնույն ժամանակ, ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական բանակը 2 զինվոր է կորցրել: Ըստ ադրբեջանական աղբյուրի, N զորամասի զինծառայող 19-ամյա Մուրադ Սամեդովը զոհվել է իրեն կցված զենքից անզգուշության հետևանքով արձակած կրակոցից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նույն հանգամանքներում մահացել է 1992 թվականին ծնված Բայլագանի շրջանի N զորամասի զինծառայող Ջավիդ Մամեդովը:
‘