‘
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով պաշտպանության նախարարության վրա, հայտնում են, որ «անսպասելի կերպով» Գանձակում մահացել է նախօրեին Աղբուլաղ գյուղի մերձակայքում գերի ընկած Տավուշի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Պետրոսյանի մահվան պատճառը սիրտ-անոթային սուր անբավարարությունն է: Սակայն հաշվի առնելով նախկին փորձը եւ այն, թե տարածվող տեսանյութում ինչպես են վարվում հայ գերու հետ ադրբեջանցի զինվորականները, չի բացառվում, որ նրան պարզապես սպանել են: Պետրոսյանի մահվան մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի ադրբեջանական ներկայացուցչությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական հյուսիսարեւելյան սահմանը հատել եւ ադրբեջանական ռազմական իշխանությունների կողմից առեւանգվել է Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը: Չինարիի Գյուղապետ Սամվել Սողոյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ Պետրոսյանը սահմանը պատահաբար հատել է ոչ սթափ վիճակում: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները Պետրոսյանին փորձում էին ներկայացնել որպես դիվերսանտ:
‘