‘
Ֆեյսբուոււմ ՀՊՃՀ ռեկտորի ԺՊ Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ կապված աղմկոտ դեպքի առիթով հարուցված քրեական գործում ռեկտորը որպես տուժող է ճանաչվել:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ըստ գործի նյութերի, «անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է «www.facebook.com» սոցիալական կայքի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վաչեի Թոքմաջյանին պատկանող անձնական էջին և նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ»:
Քննությամբ պարզվել է, որ անհայտ անձը 2014 թվականի սեպտեմբերի 05-ին ապօրինի մուտք է գործել նշված սոցիալական ցանցում Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջ, փոփոխել էջի գաղտնաբառը և տիրացել դրան, որից հետո նշված էջով տարածել է «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԻՐԱ ՊԱՊԱՅԻ ՔԻՓ ԸՆԳԵՐԸ» անվամբ համացանցային հղում, որը պարունակում է «www.facebook.com» սոցիալական կայքում Hovhannes Tokmajyan և Ruzan Hayrapetyan օգտատերերի անունից կատարված երկխոսության 4 էջանկարներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Ֆեյսբուքի համապատասխան հաշիվների օգտատերեր Հովհաննես Թոքմաջյանը և Ռուզան Հարությունյանը հայտարարել են, որ համացանցում տարածված երկխոսությունն իրենց կողմից չի կատարվել ու կեղծ է:
Հանցագործությունը կատարած անձի ինքնությունը և համացանցում տարածված երկխոսության հեղինակներին պարզելու նպատակով նշանակվել են դատահեղինակային և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին հասանելիություն ստացած համացանցի բաժանորդի տվյալները պարզելու ուղղությամբ:
‘