‘
Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համանման կարծիքներ են հայտնել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ և ընդգծել են տարածաշրջանում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով և տարածքային ամբողջականության հիման վրա լուծելու կարևորությունը: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` Կարսում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպման արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
«Թուրքիան վերստին հայտարարում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը վճռականորեն պաշտպանելու մասին: Գոյություն ունեցող խնդիրների առնչությամբ Հայաստանը զերծ է մնացել Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ մեխանիզմից», — ընդգծել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Այդ համատեքստում նա հավելել է, որ բավականին արդյունավետ հանդիպում է անցկացրել Վրաստանի և Ադրբեջանի գործընկերներ Թամար Բերուչաշվիլիի և Էլմար Մամեդյարովի հետ:
Թուրքիայի արտգործնախարարի հավաստմամբ, հանդիպման ընթացքում վերանայվել են ավելի վաղ կայացված որոշումները և այնպիսի նախագծերի իրագործումը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և TANAP անդրանատոլիական գազամուղի կառուցումը: Հաղորդում է ԱրմԻնֆոն:
‘