‘
Մոտ կես ժամ առաջ հարձակման է ենթարկվել Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը: Նա նաեւ նշեց, որ տարածքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է հարձակումը:
Անհայտ անձը հարձակվել է Մանուկյանի վրա` վերջինիս տան շքամուտքի մոտ։ Պատգամավորը վնասվածքներ է ստացել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնք բացատրություն են վերցրել Արամ Մանուկյանից: Արամ Մանուկյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Մանուկյանի վրա հարձակում է գործել միջին տարիքի չդիմակավորված, գլխարկով տղամարդ, ժամը 20:10-ի սահմաններում: Նա առանց որևէ խոսքի մեկ հարված է հասցրել պատգամավորի դեմքին և դեպքի վայրից դիմել փախուստի: Այս մանրամասները Արամ Մանուկյան բնակարանի մոտ հավաքված բազմաթիվ լրագրողներին հայտնեց Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:
Արամ Մանուկյանը խնդրեց, որ իրեն չտեսանկարահանեն և լուսանկարահանեն` նպատակահարմար չհամարելով հանրությանը ցուցադրել հարձակման հետևանքները:
22:40
Այս պահին Արամ Մանուկյանը զննման նպատակով` հիվանդանոցում է:
22:50
Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:
‘