‘
Կալանավորվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյան: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցել է նրա փաստաբան Կարեն Թումանյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Աղբյուրը փոխանցում էր, որ Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Արդարադատության խորհուրդ:
‘