‘
ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին պատասխանել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին, որը հայտարարել է, թե Խոդորկովսկին «բոլոր մուսուլմանների» և անձամբ իր թշնամին է:
«Ես լսեցի և ի գիտություն ընդունեցի Վլադիմիր Պուտինի հավատարիմ զինակցի սպառնալիքը: Իր ուղղվածությամբ՝ այն ոչնչով չէր տարբերվում Փարիզում իրականացված ահաբեկչությունից. դրա նպատակն էր՝ վախեցնել, զրկել խոսքի ազատությունից: Բայց ես երեկ էլ եմ ասել և այսօր էլ կրկնում եմ՝ մեզ չե՛ս վախեցնի: Մենք վճռականորեն կպաշտպանենք խոսքի ազատությունը՝ ժամանակակից հասարակության հիմնարար արժեքը»,- իր բլոգում գրել է Խոդորկովսկին: Ապա հավելել է. «Ի պատասխան իմ հայտարարության (հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները-ծ.թ.)՝ Կրեմլի քարոզիչները փորձում են մարդասպանների դուդուկի տակ չպարելու իմ կոչը ներկայացնել որպես անհարգալից վերաբերմունք մուսուլմանների հանդեպ… Ես ուզում էի ցույց տալ, որ ահաբեկիչները չեն հասնի իրենց բարբարոս նպատակներին, և որ նման գործողությունների պատասխանը կարող է լինել միայն միավորումը և խոսքի ազատության պաշտպանությունը»:
Փոխանցում է BBC-ն:
‘