‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դիմակավորված անձինք անհայտ ուղղությամբ են տարել «Կասեցում» նախաձեռնության մասնակից, Շրջանառության հարկի մասին օրենքի դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին:
Ակտիվիստի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, iLur.am-ին տեղեկացրեց, որ Արտակին առեւանգել են Տոլստոյի փողոցի վրայից ավտոմատներով զինված դիմակավորված 3 մարդ: Ընդ որում, ոչ մեքենայի, ոչ առեւանգողների վրա որեւէ տարբերանշան չի եղել: Արտակ Խաչատրյանի մասին այս ընթացքում որեւ է տեղեկություն չկա:
«Կենտրոնի քաղմասից հետաքննական խումբ է եկել, քրեականի պետի գլխավորությամբ, հիմա հետաքննում են», — ասաց Արտյոմ Խաչատրյանը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, եղբոր առեւանգումը կապ ունի նրա հասարակական ակտիվ գործունեության հետ:
«Ես երեկ երեկոյան եմ իր հետ խոսացել, ոչ մի անհանգստություն, կասկածելի խոսակցություն չի եղել, ոչ զանգել են, ոչ սպառնացել են: Արտակը քրեական աշխարհի հետ կապ չունի, բացի էդ էլ, նրան առեւանգել են օրը ցերեկով՝ Կենտրոնի փողոցից: Ենթադրում եմ, որ հատուկ ծառայությունների ձեռագիրն է», — ասաց մեր զրուցակիցը:
‘