‘
Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Նոր Նորքի գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Վերջինս նաև նշել է, որ «Բարգավաճ»-ի ներկայացուցիչ Ռուբեն Գևորգյանին պատկանող հյուրանոցային համալիրում գիշերը ստուգումներ են իրականացրել։
Ստորև ներկայացնում ենք նաև ոստիակնության պաշտոնական հաղորդագրությունը Արթուր Մամոյանին ձերբակալելու կապակցությամբ.
Փետրվարի 16-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Մ.-ին, որի գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է «ՍՍՌ ՊԵՌ.ՕՊՈՒԺ.ԷԱԲ ՎՏՈՒԼԵ 1925» գրառումով ատրճանակ, որի մեջ եղել է 1 փամփուշտ՝ «38» «Ա» գրառումով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
‘