‘
Ակնհայտ է, որ իշխանությունները բոլոր ուղղություններով՝ վարչական, ուժային, եւ այլ լծակների գործադրմամբ քաղաքական ռեպրեսիաների են դիմում, iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով նախօրեին երեկոյան ԲՀԿ անդամների եւ նրանց մերձավորների նկատմամբ սկսած հետապնդումները:
Հիշեցնենք, որ տեղեկատվություն կա ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանին, Ռուբեն Գեւորգյանին պատկանող տարածքներում խուզարկությունների, ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալության, ինչպես նաեւ՝ այլ տարածքներում շարքային ԲՀԿ-ականների նկատմամբ հետապնդումների մասին:
«Ընդ որում՝ այս բռնաճնշումները գործադրվում են «քաղաքավարի եւ քաղաքակիրթ գործելաոճի դրոշակակիրների» կողմից, որոնք քաղաքական բովանդակային մրցակցությունից անցել են ատելության, պատերազմական գործողությունների դաշտ», — ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Ըստ ԲՀԿ խոսնակի, զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ սպասվող բռնաճնշումների մասին նախօրոք հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Հիմա որեւէ բան ամփոփելու կամ թվարկելու անհրաժեշտություն չկա: Պետք է փորձել օրվա վերջում ամփոփել, այս ընթացքում մենք ստանում ենք «սպասված անակնկալներ»», — ասաց նա:
Նա նշեց, որ այսօրվանից գործում է Իրավական աջակցության կենտրոնը, որը բռնաճնշումների ենթարկված քաղաքացիներից ահազանգներ կընդունի եւ դրանց մասին կտեղեկացնի հանրությանը:
‘