‘
Այսօր Մարոկկոյի մայրաքաղաք Մարաքեշում անցկացվող հանդիպման ընթացքում «Սիրիայի բարեկամների խումբը» ընդդիմադիր և հեղափոխական ուժերի Ազգային դաշինքը ճանաչել է որպես սիրիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Նման դրույթ է պարունակում նիստում ներկայացված ծրագրային հռչակագրի նախագիծը:
Հռչակագրում նշվում է, որ սիրիական իշխանությունների՝ երկրում քիմիական զենք կիրառելու ցանկացած փորձ կարժանանա միջազգային հանրության կոշտ արձագանքին: Բացի այդ՝ փաստաթղթում կոչ է արվում նախագահ Բաշար Ասադին՝ կամովին հրաժարվել պաշտոնից:
Մարաքեշի համաժողովին մասնակցում են ավելի քան 130 պատվիրակություններ, այդ թվում՝ սիրիական նոր դաշինքի անդամներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
‘