‘
Ղազախստանում գործող «Ժելտոկսանի արձագանքը» հասարակական միավորումն առաջարկել է «Ղազախստանի ժողովրդի առաջ ունեցած մեծ վաստակի» համար հանրապետության մայրաքաղաք Աստանան վերանվանել երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անունով:
Ըստ Казинформ գործակալության, առաջարկն արդեն ընդունվել է խորհրդարանի օրակարգ եւ ուղարկվել է մշակույթի եւ տեղեկատվության նախարարության քննարկմանը: Միեւնույն ժամանակ, նախաձեռնության համահեղինակ Տոլեգան Ալժանը չի հստակեցրել մայրաքաղաքի ապագա անունը.
«Նուրսուլթան չէ՝ Նուրսուլթաններ շատ կան, իմ տղայի անունն էլ է Նուրսուլթան, — ասել է հասարակական գործիչը, — գուցե՝ Նազարբաեւ, չգիտեմ: Թող ժողովուրդը որոշի»:
Նազարբաեւը, բացի նրանից, որ նախկին ԽՍՀՄ տարածքում ամենաերկարակյաց առաջնորդն է (նա Ղազախստանի իշխանության ղեկը վերցրել է դեռեւս ԽՍՀՄ գոյության օրոք՝ 1989-ին), նա նաեւ պաշտոնապես կրում է «ելբասի»՝ ազգի առաջնորդ տիտղոսը, որը նրան շնորհել է խորհրդարանը:
‘