‘
BT Sport ալիքին տված հարցազրույցը տեղի է ունեցել մինչեւ Մոուրինյոյի պաշտոնաթողությունը: Այն եթեր հեռարձակվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Աբրամովիչի որոշումը: Ահա թե ինչ է ցանկացել ասել Ժոզեն:
Այն ակումբների մասին, որտեղ աշխատել է
Ես լիովին եմ նվիրվում, հնարավոր է, երբեմն նույնիսկ՝ չափն անցնում եմ: Շատ հուզական եմ լինում, բայց ես միշտ այդպիսին եմ եղել ամենուրեք եւ ամենքի հետ: Բայց 2 ժամկետ միայն «Չելսիում» եմ անցկացրել, պատրաստ եմ միայն այստեղ վերադառնալ: «Ինտերն» էլ է ինձ համար առանձնահատուկ թիմ, իսկ «Պորտուում» սկսել եմ աշխատել: Երբեք չեմ մոռանա նրանց: Եվ, իհարկե, «Ռեալ Մադրիդի» պես գրանդ մարզելը նույնպես մեծ պատիվ է:
Այն մասին, թե ինչ է պահանջել խաղացողներից
Ես կարծում եմ՝ պետք է որ նրանց դուր գա ինձ հետ աշխատելը, անհրաժեշտ է հասկանալ, որ ես՝ լավագույն մարզիչն եմ, որոնց հետ երբեւէ նրանք կաշխատեն: Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է:
Որպես անձ, որպես տղամարդ, որպես ընկեր՝ կարող եմ դուր գալ կամ դուր չգալ, այդ ամենը երկրորդական է: Գլխավորը, որպեսզի խաղացողները նայեն ինձ ու հասկանան, որ այս մարդը գիտի իր գործը:
Ես միշտ անիրագործելի նպատակներ եմ առաջադրում եւ ասում ֆուտբոլիստներին. նույնիսկ եթե դա անհնար է՝ մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում: Նրանք հասկանում են, որ դա իրատեսական չէ, բայց գտնում եմ, որ այդպիսի տրամադրվածությամբ պետք է մոտենալ յուրաքանչյուր խաղին, յուրաքանչյուր մրցաշարում: Ցանկանալ հաղթանակ եւ իմանալ, որ միշտ է հնարավոր շահել – դա շատ կարեւոր է:
Այն, ինչ կատարվեց այս մրցաշրջանում, շատ օգտակար փորձ է: Հնարավոր է՝ ինձ հետ դա ավելի ուշ պատահեց: Եթե ես այդպիսի խնդիրներ ունենայի իմ ճանապարհի սկզբում, իմ կարիերան ավելի լավ կստացվեր: Սրա շնորհիվ ես շատ բան իմացա իմ եւ խաղացողների մասին:
Անգլիայի հավաքականում աշխատանքի մասին
Ես սիրում եմ ամեն օր աշխատել, ինձ դուր է գալիս շաբաթական 3 անգամ խաղալ, իսկ հավաքականի հետ դու գրեթե ողջ տարին հանգստանում ես: Ճնշումը քեզ վրա շատ մեծ է, բայց խաղացողների հետ դաշտում չարչարվել առանձնապես չի ստացվում:
Սթիվեն Ջերարդի հետ պայմանագիր կնքելու եւ Ֆրենկ Լեմպարդի մասին
Սթիվենը որոշեց ողջ կարիերայի ընթացքում հավատարիմ մնալ իր ակումբին, ընդամենը վերջերս է գնացել ԱՄՆ: Բայց իր լավագույն տարիները նա անցկացրել է «Լիվերպուլում»: Միշտ տխրել եմ, երբ նա մերժել է: Հատկապես՝ 3-րդ անգամ, չնայած առանց դրա էլ վստահ էի, որ նա չի տեղափոխվի մեզ մոտ: Բայց ես հարգում եմ նրա որոշումը:
Հրաշալի է մանուկ հասակից մինչեւ վերջ հանդես գալ մի ակումբում: Ինձ միշտ դուր է եկել, թե ինչպես են վարվում Ջերարդն ու Լեմպարդը: Երկու ֆուտբոլիստ, ովքեր կարողանում էին անել այն ամենը, ինչ անհրաժեշտ էր:
Սթիվենը կարող էր հրաշալի շարունակել ելույթները՝ հանդես գալով պաշտպանությունում: Նա գերազանց փոխանցումներ էր կատարում՝ կարճ ու երկար: Գոլեր էր խփում, ինչպես՝ ոչ ոք: Գուցե միայն Ֆրենկը կարող է նրա հետ համեմատվել:
Մի քանի շաբաթ ես արդեն մտածում էի, որ կընդունեմ Անգլիայի հավաքականը: Դրանում ինձ ամենաշատն ուրախացնում էր այն, որ իմ ղեկավարությամբ միաժամանակ հանդես կգան այդ երկու ֆուտբոլիստները: Բայց, արդյունքում, չհամաձայնվեցի այդ աշխատանքին:
‘