‘
ԻՊ-ի գրոհայինները գետնին են հավասարեցրել Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքի մերձակայքում գտնվող սուրբ Եղիայի վանքը: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը, որի տրամադրության տակ են հայտնվել վանքի ավերակների արբանյակային լուսանկարները:
Սուրբ Եղիայի վանքն անվանակոչվել է ասորի վանականի անունով, որն այն կառուցել է 6-րդ դարում: Իր բազմադարյա գոյության ընթացքում վանքը մի քանի անգամ ավերվել է:
Իրաքյան պատերազմից հետո, որի արդյունքում տապալվեց Սադամ Հուսեյնի վարչակարգը, վանքը հայտնվել էր ամերիկյան ռազմաբազաներից մեկի տարածքում, և հուշարձանը պահպանելու համար զինվորականները նրա շուրջ պարիսպ էին քաշել:
Այդուհանդերձ, համաշխարհային ժառանգության՝ ծայրահեղականների կողմից ոչնչացված հուշարձանների ցանկը ավելացավ ևս մեկով: «Մոսուլում քրիստոնեության պատմությունը բարբարոսաբար ջնջվում է: Նրանք փորձում են մեզ դուրս մղել Իրաքից, ջնջել մեր հետքն այս երկրի երեսից»,- ցավով նշել է մի հոգևորական Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքից: Փոխանցում է ТАСС-ը:
‘