‘
Ամերիկյան հատուկ նշանակության մարտիկները գերի են վերցրել մի իրաքցու, որը, ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ ղեկավարել է ծայրահեղական «Իսլամական պետություն» կազմակերպության՝ սեփական քիմիական զենք մշակելու ծրագիրը:
Սուլեյման Դաուդ Աֆարի անունով կասկածյալին ձերբակալել են հատուկ գործողության ընթացքում, որն ամերիկացի դեսանտայիններն իրականացրել են Իրաքի հյուսիսում՝ Թալ Աֆար քաղաքի մոտ: Այդ գործողությունն անցկացվել է դեռևս փետրվարին, սակայն մինչ օրս լուրը չէր հրապարակվել:
Associated Press գործակալության աղբյուրները պնդում են, որ ձերբակալվածը քիմիական և կենսաբանական զենք մշակելու ուղղությամբ աշխատում էր Սադամ Հուսեյնի իշխանության օրոք, իսկ այժմ աշխատում է ԻՊ-ի գրոհայինների համար:
New York Times-ը, հղում անելով Պենտագոնում իր աղբյուրներին, տեղեկացրել է, որ ձերբակալվածն արդեն ցուցմունք է տվել, թե ջիհադիստներն ինչպես են մանանեխի գազով լիցքավորում հրետանային արկերը:
ԱՄՆ իշխանությունները հաստատել են ԻՊ-ի բարձրաստիճան գրոհայինի ձերբակալման մասին լուրը, սակայն հրաժարվում են որևէ մանրամասն հաղորդել նրա մասին: Փոխանցում է BBC-ն:
‘