‘
WikiLeaks կայքն առաջիկայում հրապարակելու է փաստաթղթերի հերթական փաթեթը, որի բովանդակությունը «կառնչվի աշխարհի բոլոր երկրներին»: Այս մասին, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով ծրագրի ղեկավար Ջուլիան Ասանժի հայտարարությանը:
Ինչպես հաղորդվում է, դեկտեմբերի 20-ին Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից դիմել է իր կողմնակիցներին և հայտարարել, որ 2013 թ. ընթացքում WikiLeaks կայքը հանրությանը կներկայացնի ավելի քան մեկ միլիոն գաղտնի փաստաթուղթ, որոնք ներկայումս պատրաստվում են հրապարակման: Ասանժի ելույթին հետևել են հարյուրի չափ համակիրներ և լրագրողներ: Լոնդոնի ոստիկանությունն Էկվադորի դեսպանության շուրջն ուժեղացրել էր անվտանգության միջոցառումները, սակայն ոչ մի միջադեպ չի գրանցվել:
WikiLeaks կայքը, որ մասնագիտացել է գաղտնի փաստաթղթեր հրապարակելու ասպարեզում, սկսել է գործել 2006 թ.: Կայքը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2010 թ. վերջին հրապարակեց 400 հազար փաստաթուղթ Իրաքի պատերազմի մասին, ինչպես նաև՝ ԱՄՆ դիվանագիտական կորպուսի գրագրության 250 հազար օրինակ:
‘