‘
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն ՄԱԿ-ն անվանել է «աբսուրդի թատրոն», «կեղծիքի տուն» և կտրականապես հրաժարվել է ընդունել Երուսաղեմի վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի որոշումը, մինչդեռ պաղեստինյան ղեկավարությունը ողջունել է բանաձևը: «Արդարացի որոշում է, որը կնպաստի Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը»,- այս խոսքերով է Պաղեստինի ղեկավարությունը ողջունել ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը:
«Սա աշխարհի համար կարևոր օր է, երբ միջազգային հանրությունը հայտարարում է, որ 67 թ. որոշումն իրագործելի է, Պաղեստին պետությունը, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, կարող է կողք կողքի խաղաղ և անվտանգ գոյակցել Իսրայելի հետ՝ 1967 թ. սահմանների շրջանակում»,- հայտարարել է Պաղեստինի ազատագրության կազմակերպության գլխավոր քարտուղար Սաիբ Էրեքաթը:
«Իսրայելն ամբողջությամբ մերժում է այդ անհեթեթ որոշումը: Երուսաղեմը մեր մայրաքաղաքն է: Այդպես եղել է, և այդպես կլինի միշտ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն:
Սպիտակ տանը հայտարարել են, որ ՄԱԿ-ի ընդունած բանաձևը չի ազդի Դոնալդ Թրամփի որոշման վրա՝ Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ, սակայն կազդի միջազգային այդ կազմակերպության հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքի վրա:
Փոխանցում է euronews-ը:
‘