‘
Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հունվարի 17-ի նիստի օրակարգում հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների քննարկման ընթացքի և «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» հասարակական կազմակերպության 15.01.2013թ.-ի հունվարի 15-ի դիմումի քննության վերաբերյալ հարցերն են:
Երկրորդ հարցի քննարկման արդյունքում հանձնաժողովը կկայացնի դիմումը կամ վարույթ ընդունելու կամ մերժելու որոշում:
«Կանանց Ռեսուրսային Կենտրոն» ՀԿ-ի հանձնաժողովին ուղղված դիմումը վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից էթիկայի կանոնների խախտմանը, հայտնում է Փաստինֆոն:
Մասնավորապես, պատգամավորը, հանդիսանալով նաև «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ, սատարել է հոլդինգի մաս կազմող Zaruhi.com ամսագրում և «Իրավունք» թերթում ՀԿ-ի դեմ զրպարտչական նյութեր տպագրելուն:
Ըստ ՀԿ-ի ներկայացուցչի, առաջին ատյանի դատարանն ընդդեմ Zaruhi.com ամսագրի «Կանանց Ռեսուրսային Կենտրոն»-ի հայցի հիման վրա գործով վերջերս կայացրել է վճիռ, որով հաստատվել է զրպարտության փաստը: Հետագայում վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, սակայն առայժմ պարզ չէ, թե արդյոք այն ընդունվել է վարույթ, թե` ոչ:
Նշվեց նաև, որ Հ.Բաբուխանյանը վերոհիշյալ դատավարության ընթացքում բավականին ակտիվ մասնակցություն է ունեցել, իսկ հետագայում աջակցել է այդ հոդվածների շարունակությունը «Իրավունք» թերթի ինտերնետային կայքում հայտնվելուն:
‘