‘
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին ՊՆ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել քաղաքացի Կ.Ս-ն:
Քաղաքացին հայտարարել է, որ 2012 թվականի դեկտեմբերին քաղաքացի Ա.Բ-ին տվել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս, իբր պետական մուծումներ կատարելով, իր եղբոր որդուն օրինական ճանապարհով ազատի զինծառայությունից: Ա.Բ-ն վերցրած գումարի դիմաց Կ.Ս-ին փոխանցել է զինծառայությունից ազատվելու վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթուղթ:
Ըստ տրված հայտարարության` ՌՈ է բերման ենթարկվել Ա.Բ-ն, ով խոստովանել է, որ նմանօրինակ խարդախության միջոցով գումարներ է շորթել նաև այլ քաղաքացիներից: Նախապատրաստված նյութերով ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Եթե կան այլ քաղաքացիներ, ովքեր տուժել են տվյալ անձի խաբեություններից, կարող են դիմել ՊՆ ռազմական ոստիկանություն կամ քննչական ծառայություն:
‘