‘
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությունում քննարկվել են հանրապետությունում կրկին բռնկված աֆրիկյան ժանտախտի կանխարգելման մեխանիզմներն ու հետագայում խոզաբուծության զարգացման հետ կապված առաջարկվող հարցերը:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հիվանդության առաջացման պատճառների և առկա օջախների վերաբերյալ գյուղնախարարի հաղորդման համաձայն` Արցախի մեկ տասնյակից ավելի համայնքներում արձանագրվել են աֆրիկյան ժանտախտի դեպքեր:
Միջոցառումներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար առաջարկվել է համայնքներում հաշվառել վարակված անասունների գլխաքանակը և կենտրոնացված ձևով իրականացնել անարյուն եղանակով ոչնչացումներ: Անհրաժեշտ է համարվել համայնքներում ստեղծել անասնագերեզմանոցներ, իսկ մյուս անասուններն առնել փակ պահվածքի տակ: Վարչապետը հրահանգել է բնակիչների շրջանում համապատասխան բացատրական աշխատանքներ տանել, իսկ առաջարկվող պայմաններին չենթարկվող խոզաբույծների նկատմամբ կիրառել պատժամիջոցներ: Ա. Հարությունյանը հանձնարարել է նաև օրենսդրական կարգավորում տալ տնտեսության կարևոր այս ճյուղի հետագա զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրներին:
Խորհրդկացությանը մասնակցում էին ԼՂՀ գլխավոր դատախազ Ա. Ղարամյանը, փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
‘