‘
Քիչ առաջ ՎՏԲ բանկի կենտրոնական գրասենյակի մոտ մեկնարկել է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան։ Կազմակերպիչների խոսքով՝ ակցիան նպատակ ունի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ՎՏԲ-ի կողմից աջակցվող՝ բնապահպանական տեսանկյունից աղետաբեր հանքարդյունաբերական գործընթացին:
«Մենք արտահայտում ենք մեր մտահոգությունը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Ծրագրի գործակալությունների հավատարմագրման գործընթացի առնչությամբ, մասնավորապես՝ կապված այս գործընթացում ռուսաստանյան ՎՏԲ բանկի՝ որպես ԳԷՀ Ծրագրի գործակալություն ընտրվելու հնարավորության հետ»,- նշված է կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում:
Ըստ նրանց՝ ՎՏԲ-ն վարկ է տրամադրում «Armenian Copper Programme» (ACP) ընկերության կողմից Հայաստանի հյուսիսում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագրին, որը հակասում է ԳԷՀ-ի մանդատին, այն է` նվազեցնել գլոբալ բնապահպանական վտանգների ազդեցությունը և աջակցել զարգացող երկրների մշտակայուն զարգացմանը:
Կազմակերպիչները նշում են, որ ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործումը ուղղակիորեն հակասում է ԳԷՀ-ի բնապահպանական և սոցիալական երաշխիքների 8 նվազագույն չափորոշիչներից առնվազն 5-ին: Բացի այդ, ՎՏԲ-ն նաև հանդես է եկել որպես անբարեխիղճ տնտեսվարող, որը չի դրսևորել տարրական սոցիալական պատասխանատվություն Հայաստանում իր գյուղատնտեսական վարկավորման գործընթացներում:
Կազմակերպիչներն ակնկալում են, որ ԳԷՀ Խորհուրդն իր՝ ԳԷՀ Ծրագրերի գործակալությունների հավատագրման գործընթացի շուրջ որոշումների կայացման ժամանակ հաշվի կառնի ՎՏԲ-ի աղետաբեր գործողությունները Հայաստանում և նշում, որ նման ակցիաները շարունակական են լինելու:
‘