ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը աշխարհի առաջնորդներին կոչ է արել շտապ գործողությունների դիմել՝ այս ձմեռ Աֆղանստանում աղետալի սովը կանխելու համար։
«Իրավիճակն այնքան վատ է, որքան կարելի է միայն պատկերացնել։ Ըստ էության՝ խոսքն ամենասոսկալի հումանիտար ճգնաժամի մասին է Երկրի վրա»,- ասել է Դևիդ Բիզլին։
Աֆղանստանի տնտեսությունը կատարյալ կոլապսի մեջ է հայտնվել «Թալիբան» շարժման կողմից իշխանությունը զավթելու և արտասահմանյան օգնությունների սառեցման պատճառով։ Դրան ավելացել են կորոնավիրուսի համավարակը և սաստիկ երաշտը, որը ոչնչացրել է երկրի վարելացանքի զգալի մասը։ Վերջին չորս տարում դա Աֆղանստանում արդեն երկրորդ նմանատիպ երաշտն էր։
«Երկրի բնակչության 95 %-ը բավարար սնունդից զուրկ է, իսկ հիմա 23 միլիոն մարդու սովահարություն է սպառնում»,- շեշտել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը, որը հանգստյան օրերին այցելել էր Քաբուլ։
«Հաջորդ վեց ամիսներն աղետալի կլինեն։ Դա երկրային դժոխք կլինի»,- հավելել է Բիզլին։
Փոխանցում է BBC-ն։