Ամստերդամի օդանավակայանում կիրակի օրը մի տղամարդու են հայտնաբերել, որը Աֆրիկայի հարավից այստեղ է ժամանել բեռնատար օդանավի շասսիի մեկուսախցում թաքնված։
Նման ձևով անվճար թռչողները սովորաբար ողջ չեն մնում, որովհետև օդի ջերմաստիճանը այն բարձրության վրա, որ թռչում են ժամանակակից լայներները, սովորաբար հասնում է մինուս հիսուն աստիճանի, և օդն էլ չափազանց նոսր է, իսկ շասսիի մեկուսախցերը, ի տարբերություն ինքնաթիռի սրահների, հերմետիկ չեն։
«Տղամարդը ողջ-առողջ է, նրան ուղարկել են հիվանդանոց,- տեղեկացրել է Նիդեռլանդների ոստիկանության և սահմանային միացյալ ծառայության ներկայացուցիչը։- Առաջին հերթին՝ մեզ, իհարկե, մտահոգում է նրա առողջական վիճակը։ Այն, որ նա ողջ է մնացել նման ցրտի պայմաններում և նման բարձրության վրա՝ չափազանց տարօրինակ է։ Շատ, շատ անսովոր է»։
Տղամարդը, ինչպես ենթադրում են ոստիկանությունը և մամուլը, Նիդեռլանդներ է ժամանել Յոհանեսբուրգից կամ Նայրոբիից, իսկ թռիչքը Յոհանեսբուրգից մինչև Ամստերդամ 11 ժամ է։
Տղամարդու տարիքը և ազգությունն առայժմ չեն հաղորդվում։
Փոխանցում է BBC-ն: