Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» խաղի նախկին մասնակից Ռովշան Ասկերովի նկատմամբ։
Ապրիլի վերջին նրա դեմ քրեական գործ է հարուցվել «Նացիզմի ռեաբիլիտացիա» հոդվածով։ Առիթը եղել է մարշալ Գեորգի Ժուկովի մասին նրա գրառումը։ Այդ հոդվածով առավելագույն պատիժը հինգ տարվա կալանքն է։
«Հետաքննությամբ պարզվել է, որ 2022 թ․ ապրիլի 6-ից ոչ ուշ Ասկերովը Facebook սոցիալական ցանցի իր էջում ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել, որոնք վիրավորում և արատավորում են Ռուսաստանի մեծ զորավար և Հայրենիքի պաշտպան, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը»,- ասվում է ՌՔԿ-ի հաղորդագրության մեջ։ Ժուկովին այդ գրառման մեջ Ասկերովն անվանում է «ուսադիրներով մարդասպան» և «դիակապտող»։
Դեռ մինչև քրեական գործ հարուցելը Ասկերովը լքել է Ռուսաստանը։ Մեկ այլ գրառման համաձայն՝ Ասկերովը մարտի վերջին մեկնել է Բաքու։
Փոխանցում է BBC-ն։