Ներկայումս Ռուսաստանը և Ուկրաինան բանակցություններ չեն վարում ատոմային էլեկտրակայաններում միջուկային անվտանգության շուրջ, հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը «Известия» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։
«Նման բանակցությունների մասին ինձ ոչինչ հայտնի չէ։ Հազիվ թե դրանք վարվում են։ Ինչ-որ չեմ լսել, որ ուկրաինական կողմն այդ մասին խնդրի։ Նա նույնիսկ խաղաղ կարգավորման հարցերով պատրաստ չէ բանակցել»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ ընթանում են ատոմային էլեկտրակայաններում միջուկային անվտանգության հարցով։
«Իսկ ընդհանրապես, մեր դասականներից մեկը գրել է․ պետք չէ պայքարել մաքրության համար, հարկավոր է ուղղակի մաքրել փողոցները։ Այս դեպքում ուկրաինացիները պետք է պարզապես դադարեն կրակել միջուկային օբյեկտների ուղղությամբ։ Եվ խնդիրը հիմնականում կարգավորված կլինի»,- նշել է Ուլյանովը։
Զապորոժյան ԱԷԿ-ը, որը գտնվում է Էներգոդար քաղաքում, ռուսաստանյան զորքերի վերահսկողության տակ է։ Վերջին օրերին, ռուսաստանյան կողմի պնդմամբ, ուկրաինական ուժերը մի քանի հարված են հասցրել կայանի տարածքին՝ օգտագործելով նաև անօդաչուներ, ծանր հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Փոխանցում է tass.ru-ն։