‘
«Մենք Հայաստանի իրականության մասին գիտենք ոչ թե կառավարության հայտարարություններից ու որոշումներից, այլ մարդկանց հետ ամեն օր շփվելով, հանդիպելով, նրանցից լսելով, թե որ ոլորտում ինչ է կատարվում», — ԲՀԿ քաղխորհրդի նիստում հայտարարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով, ամեն օր մի նոր սոցիալական խավ բողոքի է դուրս գալիս: «Մի օր տաքսիստները, մի օր ատամնաբույժները, մի օր կրպակատերերը, մի օր փոքր բիզնեսի ներկայացուցիչները, մի օր երիտասարդները:
Բոլոր ոլորտներում կան լուրջ պրոբլեմներ: Հիշեք, մենք` ես ու դուք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ այս մարդկանց կողքին պետք է լինենք: Նրանք, ովքեր անձնական խնդիրներ լուծելու համար են եկել ԲՀԿ, այլ ոչ թե ժողովրդի խնդիրները լուծելու, կարող են գնալ, դուռը բաց է»,- ըստ 7or.am-ի ասել է Գագիկ Ծառուկյանը:
Շոշափվել են նաև երիտասարդությանը վերաբերող խնդիրները:
Դիմելով ԲՀԿ երիտթևի ղեկավարին Գ. Ծառուկյանն ասել է. «Ինձ Երևանի կենտրոնում փուչիկ բռնող ջահելներ պետք չեն: Կարող եք հավաքել երիտասարդներին գնալ սահմանամերձ գյուղեր` մարդկանց օգնելու: Հայաստանը սկսվում է սահմանամերձ հեռավոր գյուղերից: Նրանք են հայրենիք պահողը: Ես տրամադրում եմ բոլոր միջոցները` գնացեք օգնեք, գործ արեք»:
Գ. Ծառուկյանն ասել է, որ հիմնադրամից կտրամադրվեն միջոցներ` երիտասարդների համար դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու համար: «Մրցույթներին ես չեմ խառնվելու, ոչ ոք չի խառնվելու: Անում եք լրիվ արդար: Մի հատ ծանոթ, բարեկամ նկատեցի` բոլորդ հեռացվելու եք: Ինձ համար կապ չունի նաև կուսակցական պատկանելիությունը»,- նշել է Ծառուկյանը:
‘