‘A320 ինքնաթիռը պայթել է օդում. Նոր մանրամասներ (Ֆոտոշարք)’

1770

Ֆրանսիայի հարավում երեկ ավիավթարի ենթարկված «Lufthansa»  կոնցեռնի «Germanwings» ավիաընկերության «Airbus A320»   ինքնաթիռը ունեցել է տեխնիկական խնդիրներ: Ավելի վաղ մի շարք օդաչուներ հրաժարվել են չվերթն իրականացնել: Այս լուրը հաստատել են նաեւ «Lufthansa» ընկերությունից, սակայն նրանց խոսքով՝ հրաժարվելու պատճառները եղել են անձնական:

Ինքնաթիռը տեսադաշտից անհետացել է տեղական ժամանակով ժամը 10:39-ին: Այն գտնվել է 2.5 հազար մետր բարձրության վրա եւ շարժվել է 1090 կմ/ժ արագությամբ: Մի քանի րոպե անց՝ 10:47-ին, ինքնաթիռը արձակել է SOS ազդանշան, որից հետո անձնակազմը այլեւս կապի դուրս չի եկել դիսպետչերների հետ:

Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ Ալպերում կործանված A320-ի ամենամեծ բեկորի չափը չի գերազանցում 1 մ2 -ը, իսկ բեկորները թափվել էին 10 հեկտար տարածության վրա: Փորձագետների կարծիքով՝ վերոնշյալ հանգամանքները թույլ են տալիս ենթադրել, որ ինքնաթիռը պայթել է օդում:

Ինչպես տեղեկացրել է ֆրանսիացի պատգամավոր Քրիստոֆ Քաստաները, երեկ երեկոյան արդեն իսկ հայտնաբերվել է «սեւ արկղերից» մեկը: «Դեռեւս հայտնի չէ, թե հատկապես որ «սեւ արկղն» է հայտնաբերվել՝ այն, որը ձայնագրում է անձնակազմի խոսակցություննե՞րը, թե՞  թռիչքի տեխնիկական պարամետրերը արձանագրող «արկղը»,- ասել է նա: Վերջինս այժմ գտնում է դեպքի վայրում:

Ֆրանսիական «La nouvelle republique» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ինքնաթիռում եղել են թվով 67 գերմանացի, 45 իսպանացի, ամենաքիչը մեկ բելգիացի, 3 ղազախ, ինչպես նաեւ թուրք ուղեւորներ:

Դեպքի առթիվ իր ցավակցությունն է հայտնել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Նա նշել է, որ ԱՄՆ-ն իր եվրոպական գործընկերներին պատրաստ է տրամադրել ցանկացած օգնություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով:

Հայտնի է նաեւ, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռաջոյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կուղեւորվեն աղետի վայր:

Դեպքի կապակցությամբ Եվրահանձնաժողովը եռօրյա սուգ է հայտարարել:

Նշենք, որ վերջին 15 տարիների ընթացքում սա առաջին ամենամեծ ավիավթարն է Ֆրանսիայում: Նախորդը տեղի էր ունեցել 2000 թվականի հուլիս ամսին, երբ Փարիզի արվարձաններից մեկում աղետի էր ենթարկվել Air France ընկերությանը պատկանող Concord ինքնաթիռը: Աղետի հետեւանքով զոհվել էր 203 մարդ:

Ֆրանսիական լրատվամիջոցները հրապարակել են մի շարք լուսանկարներ ինչպես դեպքի վայրից, այնպես էլ այն օդանավակայաններից, որտեղ գտնվում են զոհված ուղեւորների հարազատները: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Սերժն ու մյուսները Չինաստանում’
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Արաբկիրում և Աջափնյակում’