‘
Ֆրանսիայի հարավում մարտի 24-ին ավիավթարի ենթարկված «Lufthansa» կոնցեռնի «Germanwings» ավիաընկերության «Airbus A320» ինքնաթիռի օդաչուներից մեկը վթարից առաջ դուրս է եկել օդաչուների համար նախատեսված խցիկից եւ չի կարողացել վերադառնալ: Գրում է New York Times-ը:
«Սեւ արկղերից» ստացված տեղեկությունների համաձայն՝ վերադառնալով՝ օդաչուն մի քանի անգամ թակել է դուռը, սակայն ոչ մի պատասխան չի եղել: Նա անգամ փորձել է ջարդել այն: Լրատվամիջոցի զրուցակիցը չի ցանկացել հրապարակել իր անունը, սակայն նշել է, որ դեռեւս հայտնի չեն օդաչուի՝ խցիկը լքելու պատճառները: «Մի բան հստակ է՝ թռիչքի վերջում մյուս օդաչուն խցիկում եղել է մենակ եւ փորձել է վայրէջք կատարել»,- ասել է նա: Վերջինս ընդգծել է, որ «սեւ արկղից» ստացված տեղեկատվությունը ավելի է խճճում վթարի առեղծվածը:
Ֆրանսիական ավիաընկերությունների ներկայացուցիչները «սեւ արկղից» դուրս բերած տեղեկությունների վերաբերյալ շատ քիչ տեղեկատվություն են հայտնում: Ֆրանսիայի հետաքննությունների բյուրոն միայն հաստատել է այն հանգամանքը, որ «սեւ արկղից» հնարավոր է եղել լսել խոսակցության ձայներ, որոնք կցվել են գործի նյութերին:
Արձագանքելով ստացված նոր ապացույցներին՝ բյուրոյի խոսնակ Մարտին դել Բոնոն նշել է. «Մեր թիմը շարունակում է ուսումնասիրել ապացույցները: Հստակ տեղեկատվություն ունենալու դեպքում մենք կհրավիրենք մամուլի ասուլիս»:
Ավագ հետաքննիչներից մեկը, ով չի ցանկացել հայտնել իր անունը՝ ելնելով նախաքննական գաղտնիություն պարունակող նյութերի հրապարակման դեպքում նախատեսվող պատասխանատվությունից, իր հերթին հայտնել է, որ «սեւ արկղում» հայտաբերվել են ձայնագրությունները, սակայն ինքնաթիռի դիրքի, արագության, վայրի եւ պայմանների մասին ինֆորմացիա պարունակող հիշողության քարտը չի գտնվել: «Հնարավոր է, որ այն կորել է կամ ոչնչացել վթարի հետեւանքով»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, ինքնաթիռի կարծանման հետ կապված՝ մինչ օրս կան մի շարք անպատասխան հարցեր:
Հետաքննությունների բյուրոյի տնօրեն Ռեմի Ջութին ասել է. «Քանի որ վթարը տեղի է ունեցել լեռնային շրջանում, դա ավելի դժվար է դարձրել դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ իրականացվող հետաքննությունը: Սովորաբար՝ ամիսներ կամ տարիներ են պահանջվում ավիավթարի պատճառները հասկանալու համար: Ասեմ, որ ավելի քան մեկ տարի անց դեռեւս հայտնի չեն դարձել Մալայզիական ավիաընկերության ինքնաթիռի վթարի պատճառները»:
Ամենակարեւոր հարցերից մեկը, որի պատասխանը այսօր փորձում են գտնել հետաքննիչները, օդաչուների՝ բավական երկար ժամանակ դիսպետչերների հետ կապ չհաստատելն է: Կան վարկածներ, թե նման պահվածքի պատճառ կարող էր հանդիսանալ խցիկում ճնշումի անկումը, ինչպես նաեւ հրդեհը: Լրատվամիջոցի հետ զրուցած հետաքննիչներից մեկը ասել է, թե օդաչուների՝ կապի դուրս չգալը ամենաանհանգստացնող հանգամանքներից մեկն է, եւ չպետք է բացառել նաեւ միտումնավոր լռություն պահպանելու տարբերակը: «Սա ինձ դուր չի գալիս: Իմ կարծիքով՝ դա շատ տարօրինակ է»,- ասել է նա:
Նա հայտնել է նաեւ, որ դեռեւս հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով, թե՞ ոչ: «Մենք պետք է քննարկենք նաեւ այն վարկածը, որ աղետը կազմակերպվել է կանխամտածված»,- ասել է նա:
Ֆրանսիական RTL ռադիոկայանի հետ զրույցում Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ ահաբեկչական հարձակման վարկածը քիչ հավանական է, սակայն դեռեւս որեւէ հստակ տեղեկություն չկա:
«Lufthansa» ավիաընկերությունը, իր հերթին, աղետը բնորոշել է որպես դժբախտ պատահար: «Աղետը տեղի չի ունեցել օդաչուների մեղքով: Գլխավոր օդաչուն արդեն 10 տարվա վետերան էր եւ իր կյանքի ընթացքում A320 ինքնաթիռով 6000 ժամից ավելի թռիչք էր իրականացրել»,- նշում են ընկերության ներկայացուցիչները:
Ընդգծենք նաեւ, որ հետաքննիչների կարծիքով՝ վթարի ամենահավանական վարկածը անձնակազմի կողմից կատարված սխալներն են: Խոսքը վերաբերում է թռիչքից առաջ ինքնաթիռի ստուգումներ իրականացնող անձնակազմի անփութությանը, ինչպես նաեւ օդաչուների կողմից նախազգուշական ազդակներ չուղարկելուն:
Վերջին 15 տարիների ընթացքում սա առաջին ամենամեծ ավիավթարն է Ֆրանսիայում: Նախորդը տեղի էր ունեցել 2000 թվականի հուլիս ամսին, երբ Փարիզի արվարձաններից մեկում աղետի էր ենթարկվել Air France ընկերությանը պատկանող գերարագ Concord ինքնաթիռը: Աղետի հետեւանքով զոհվել էր 203 մարդ:
‘