‘
Air Armenia -ի չվացուցակում որոշակի փոփոխություններ են կատարվել, որոշ չվերթներ հանվել են, վերադարձվում են արդեն վաճառված տոմսերի գումարները: Պատճառն օդանավերի սակավությունն է. այս պահին ավիաընկերությունն ունի ընդամենը 1 սարքին ինքնաթիռ: Panarmenian.net ի հետ զրույցում ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը նշեց, որ օդանավերից մեկը պլանային վերանորոգման է կանգնել, իսկ մյուսը` չնախատեսված:
«Մասնավորապես, հանվել է թռիչքը դեպի Ֆրանկֆուրտ, Ռուսաստանի որոշ ուղղություններով թռիչքները միացվում են իրար: Չվացուցակից շեղումներ ունենք»,- ասաց նա` վստահեցնելով, որ խնդիրը զուտ տեխնիկական է ու ժամանակավոր:
Անդրադառնալով ընկերության սնանկացման ու հսկայական պարտքերի մասին լուրերին (այդ թվում` օդաչուների աշխատավարձի տեսքով), Air Armenia-ի ներկայացուցիչը նշեց, որ դրանք չափազանցված են. ընկերության պարտքերը ընթացիկ են, իսկ իրենց տնօրինած շրջանառու միջոցները լիովին բավարար պարտավորությունները ժամանակին հոգալու համար.
«Աշխարհում բոլոր ավիաընկերություններն ունեն ֆինանսական խնդիրներ, սակայն մեր շրջանառու միջոցները բավարար են ֆինանսական խնդիրները լուծելու համար, սնանկության մասին խոսք անգամ չկա»:
Թե երբ ինքնաթիռները կվերադառնան թռիչքուղի, Սիրական Համբարձումյանը դժվարացավ հստակ նշել.
«Այն մեկը, որ պլանային վերանորոգման է, կգործարկվի 21 օրից: Մյուսի համար, ցավոք, ոչինչ ասել չեմ կարող»,- նշեց նա: Սիրական Համբարձումյանը վստահեցրեց, որ անգամ մեկ օդանավով հասցնում են օրական մի քանի չվերթ իրականացնել տարբեր ուղղություններով, ու վստահություն հայտնեց, որ Air Armenia-ն հաղթահարելու է ստեղծված դժվարությունները:
‘