‘Air Armenia-ն մտադիր է մեծացնել թռիչքների աշխարհագրությունը’

734

2014 թվականի մարտի 30-ից Air Armenia հայկական ավիաընկերությունը ձեռնամուխ կլինի թռիքների ամառային չվացուցակի կատարմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը:

Նրա խոսքերով, ընկերությունն արդեն նոր չվերթներ է բացել Երևան-Փարիզ-Երևան և Երևան-Աթենք-Երևան ուղղություններով` շաբաթը երկու անգամ, ինչպես նաև Երևան-Եկատերինբուրգ-Երևան ուղղությամբ` շաբաթը մեկ անգամ: Այս տարի նախատեսվում է ավելացնել նաև Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ թռիչքների հաճախականությունը: Ներկայումս օրական երկու թռիչք է կատարվում: Գարնանը լրացուցիչ չվերթ կբացվի, որը Երևանից կմեկնի ժամը 15:00-ին, և, ամենայն հավանականությամբ, կբացվի նաև չորրորդ չվերթը,-նշել է Ավետիսյանը:

Ինչ վերաբերվում է եվրոպական ուղղություններին, աշխատանքներ են տարվում դեպի Գերմանիա շաբաթական 2-3 չվերթ կազմակերպելու ուղղությամբ, հավանաբար դեպի Դյուսելդորֆ ևՄայնի-Ֆրանկֆուրտ, հավելել է տնօրենը: Դիտարկվում է նաև շաբաթական երկու անգամ Երևան-Լոնդոն-Երևան ուղղությամբ չվերթներ իրականացնելու հնարավորությունը: Առայժմ քննարկվում է Heathrow օդանավակայանում սլոթների ստացման հնարավորությունը, որը հանդիսանում է ամենածանրաբեռնված օդանավակայանն աշխարհում: Հենց որ ստանանք սլոթները, իսկույն կսկսվի տոմսերի վաճառքն այդ ուղղությամբ, նշել է նա:

Այս տարի ծրագրվում է նաև Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթների իրականացումը, շաբաթական երեք անգամ: Որպես կանոն, մարտին Երևան են ժամանում բազմաթիվ իրանցի տուրիստներ, Նովրուզը տոնելու համար, և ընկերությունը հուսով է իր մասնաբաժինն ունենալ այդ ուղղությամբ, նշել է տնօրենը: Ընկերությունն արդեն ստացել է համապատասխան թույլտվությունը:

Դիտարկվում է նաև Երևան-Իրաք-Երևան չվերթների իրականացումը, ինչպես նաև ծրագրվում է դեպի Ուկրաինա թռիչքներ իրականացնելու հնարավորությունը:

Հատկանշական է, որ ընկերությունն ուղևորափոխադրումների ծավալների մեծացումը կապում է տուրիզմի հնարավոր զարգացման հետ: « Air Armenia-ն ունի ուղևորափոխադրումների ծավալների մեծացման մի քանի խնդիր: Առաջինը դա Երևանով տրանզիտ փոխադրումների իրականացումն է: Դրա համար անհրաժեշտ է սկզբնական շրջանում ստեղծել դեպի Ռուսաստան իրականացվող թռիչքների ցանց: Հաջորդ քայլը դա դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք թռիքների ցանցի ստեղծումն է: Իսկ այնուհետև պետք է սկսվի այդ չվերթների միմյանց կցումը»,-ասել է Ավետիսյանը: 

Նախորդ հոդվածը‘Պատրիսիա Կաասը համերգ կտա Երեւանում. Yerkir.am’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից’