‘Air Armenia-ի առաջին չվերթը` հոկտեմբերի 27-ին’

1158

Air Armenia ընկերության Երևան-Մոսկվա առաջին կանոնավոր չվերթը (Վնուկովո օդանավակայան) տեղի կունենա հոկտեմբերի 27-ին: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը:

Նրա ասելով, չվերթը կիրականացվի «Բոինգ 737-500» ինքնաթիռով: Ընկերության ֆիրմային խորհրդանիշերով օդանավը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում է: Այն նախատեսված է հեռավոր թռիչքների համար: Տնօրենը նշել է, որ ինքնաթիռը ձեռք է բերվել լիզինգով: Նա ավելացրել է, որ ընկերությունը լիզինգով ձեռք է բերել ևս երկու «Էյրբաս» ինքնաթիռ, որոնցից առաջինը Երևան կժամանի հոկտեմբերի 30-ին, իսկ երկրորդը` 2013  թվականի նոյեմբերին: Այդ երկու ինքնաթիռներով կիրականացվեն կարճ տարածության թռիչքներ, մասնավորապես՝ դեպի Սոչի, Դոնի Ռոստով, Կրասնոդար:

2013 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Air Armenia-ին մեկ տարվա լիցենզիա է տրամադրել դեպի Ռուսաստանի քաղաքներ` Մոսկվա, Սոչի, Սամարա, Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սանկտ Պետերբուրգ թռիչքներ իրականացնելու համար: Վարչությունում ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են, որ տվյալ պահի դրությամբ Հայաստանի մյուս ընկերությունները կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա ստանալու հայտ չեն ներկայացրել: Սեպտեմբերի կեսին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ծրագրում էր հայտամրցույթ անցկացնել Հայաստանի փոխադրողների համար, սակայն դրա ժամկետն անորոշ ժամանակով հետաձգվեց, քանի որ Հայաստանի կառավարությունն ամերիկյան McKinsey & Compan խորհրդատվական ընկերությանը պատվիրել է կազմել Հայաստանում ավիափոխադրումների մրցունակության մակարդակի բարձրացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Խորհրդատուի հանձնարարականները հաշվի կառնվեն մրցութային փաստաթղթերը կազմելիս:

Air Armenia-ն կդառնա, գործնականում, առաջին հայկական ավիափոխադրողը` 2013  թվականի ապրիլի 1-ին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ՍՊԸ թռիչքների դադարեցումից հետո:

Air Armenia ՓԲԸ ստեղծվել է 2003 թվականի ապրիլին: Հավասար հիմունքներով հիմնադիրներն են Վահան Հարությունյանը և Ռուզան Թովմասյանը: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 501 000 դոլար:

Նախորդ հոդվածը‘Ֆոտոշարք դատարանից’
Հաջորդ հոդվածը‘ Զուրաբյան. Սահմանադրական բարեփոխումների նպատակը Ս.Սարգսյանի ցմահ իշխանության ապահովումն է’