‘ «Air France»-ը հերքում է Փարիզ-Երեւան չվերթի օդանավում խնդիրների առկայության մասին լուրերը’

1144

Փարիզ-Երեւան AF1060 չվերթն իրականացնող ինքնաթիռը հուլիսի 26-ին վայրէջք է կատարել նորմալ ռեժիմով, տեղական ժամանակով ժամը 20:51-ին: Առաջին անգամ թռիչքուղուն մոտենալիս օդանավի անձնակազմը որոշել է ընդհատել վայրէջքը՝ համարելով, որ անվտանգության պահանջներին լիարժեք համապատասխանություն չկա: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Air France» ավիաընկերության մամուլի քարտուղար Անաստասիա Սմիրնովան:

Նրա խոսքով, երկրորդ պտույտը կարգավորվել է ավիացիոն իշխանությունների կողմից: «Այդ բոլոր ավիաընկերությունների կողմից կիրառվող ստանդարտ գործընթաց է, որը երաշխավորում է ուղեւորների եւ չվերթների անվտանգությունը, ինչը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Ընկերությունը ցավում է, որ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում ոչ հավաստի աղբյուրներից ստացված սխալ տեղեկություն է շրջանառվում»,- ասվում է «Air France» ավիաընկերության՝ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ «Ինտերֆաքս»-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Air France» ավիաընկերության ինքնաթիռը, որը Փարիզից ժամանում էր Երեւան, «Զվարթնոց» օդանավակայանում հրաշքով խուսափել է վթարից: Վայրէջքի ժամանակ այն թեքվել է ձախ կողմի վրա եւ թեւով հարվածել գետնին: Չկարողանալով պահպանել հավասարակշռությունը՝ օդաչուները ստիպված են եղել նորից երկինք բարձրանալ եւ մոտ մեկ ժամ պտտվելուց հետո հնարավոր է եղել վարէջք կատարել:

Ուղեւորների խոսքով՝ այն պահին, երբ ինքնաթիռը ձախ թեւով հարվածել է թռիչքուղուն, սրահում խուճապ է առաջացել, մարդիկ սկսել են բղավել: «Միայն ուղեւորներից մեկի միջամտությունից հետո օդաչուն տեղեկացրեց, որ ապակայանացում է տեղի ունեցել»,- նշել է նա:

 

Նախորդ հոդվածը‘«Ռոմա»-ի հետ խաղում «Ռեալ»-ի դարպասը կպաշտպանի Կասիլյասը’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Կատարելություն, կամ դրան մոտ մի բան»՝ Սերժի հագով…’