‘ALDE-ն խորապես մտահոգված է Արամ Մանուկյանի դեմ իրականացված հարձակման լուրով ‘

1818

ALDE կուսակցության նախագահի հայտարարությունը՝ Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակման վերաբերյալ: (Թարգմանությունը՝ iLur.am-ի): 

ALDE-ի նախագահ սըր Գրեհամ Ուաթսոնը հայտարարել է. «Ես խորապես մտահոգված եմ՝ այս շաբաթ իր տան շեմին՝ ALDE-ի անդամ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ իրականացված հարձակման լուրով, ինչի արդյունքում Մանուկյանը հայտնվել է հիվանդանոցում:

Պարոն Մանուկյանը Հայաստանի ընդդիմության հարգված եւ նշանակալի գործունեություն ծավալող ներկայացուցիչ է: Նա երկար տարիներ եղել է խորհրդարանի այն պատգամավորներից,  ով մշտապես կիզակետում է պահել կառավարության՝ իր գործողությունների համար պատասխանատու լինելու հարցը:

Քաղաքական գործիչները պետք է հնարավորություն ունենան իրականացնել իրենց պարտականությունները առանց վախենալու, որ կարող են չարամիտ հարձակման ենթարկվել սեփական տան շեմին: Ինձ անհանգստացնում է այն, որ սա կարող է այս շաբաթ ընդդիմության ներկայացուցիչների դեմ արձանագրված հարձակումների շղթայից եւս մեկ ցավալի միջադեպ լինել, եւ ես կոչ եմ անում տեղական իշխանություններին այս հարցին վերաբերվել կատարյալ հրատապությամբ եւ շուտափույթ լուծում տալ խնդրին:

Եվրոպական լիբերալները շարունակելու են աջակցել իրենց անդամներին ողջ Եվրոպայով մեկ, եւ ես մաղթում եմ պարոն Մանուկյանին շուտափույթ առողջություն»:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան աշխատանքի պահին(տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Գերման Ավագյանը ներկայացրել է «Ծանոթ դեմքերի քաղաքը» (լուսանկարներ)’