‘
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ նոր ապացույցներ է գտել Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ հանրապետությունների զինված գրոհայինների կողմից ռազմագերիների գնդակահարությունների վերաբերյալ:
Ինչպես նշում են կազմակերպությունում, ռուսաստանամետ խմբավորումներին գերի ընկած ուկրաինացի զինվորականների հանդեպ վերաբերմունքը միջազգային իրավունքի նորմերի խախտում է, և դա պահանջում է, որ «իշխանության ճանաչված մարմինների կողմից արդարացի դատաքննությունից հետո» մեղավորները պատիժ կրեն:
«Գերիների և վիրավորների խոշտանգումները, ծաղրուծանակը և սպանությունները ռազմական հանցագործություններ են: Այդ տեղեկությունների հիման վրա հետաքննությունը պետք է սկսվի հնարավորինս շուտ և լինի անաչառ ու լիակատար»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Amnesty-ն ներկայացնում է «Մոտոռոլա» մականունով հայտնի Արսենի Պավլովի օրինակը, ով այս շաբաթվա սկզբին KyivPost թերթի հետ զրույցում խոստովանել է, թե ինքն անձամբ գնդակահարել է ուկրաինացի 15 ռազմագերու: Փոխանցում է BBC-ն:
‘