‘Amnesty-ն վրդովված է Դոնեցկում «գերիների նոր շքերթի» առիթով’

1012

Amnesty International  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վրդովմունք է հայտնել  Դոնեցկի անջատականների կողմից ուկրաինացի գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ:

Հինգշաբթի ցերեկը ռուսաստանամետ գրոհայինները Դոնեցկի փողոցներով անցկացրել են երկու տասնյակի չափ ուկրաինացի վիրավոր զինվորականների, որոնք գերի են ընկել Դոնեցկի օդանավակայանի համար մղվող մարտերի ընթացքում: Նրանց բերել են այն ավտոբուսի կանգառ, որը հինգշաբթի առավոտյան հրաձգության  տակ էր հայտնվել, ինչի արդյունքում զոհվել էր առնվազն յոթ մարդ:

BBC-ի ուկրաինական ծառայության զրուցակցի խոսքով՝ գերիները պատառոտված քաղաքացիական հագուստով են եղել, շատերը՝ վիրակապերով ու ծեծի հետքերով: Դոնեցկի բնակիչներից ոմանք հրմշտել են նրանց և վիրավորական խոսքեր ասել: Երբ գերիների շարասյունը հասել է ավտոբուսի կանգառին, ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն նրանց ստիպել է ծնկի գալ և ներողություն խնդրել Դոնեցկի բնակիչների մահվան համար:

Amnesty International-ը իր մամլո հաղորդագրության մեջ հիշեցնում է, որ  «Գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԻԱԿ-ը հրապարակել է ինֆորմացիայի ազատությունը սահմանափակող պաշտոնյաների «սեւ ցուցակը»’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ Պետդումայի պատգամավոր. Հնարավոր է՝ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին — ԳԱԼԱ’