‘Amnesty. Ուկրաինայի արևելքում մարդկանց առևանգում և խոշտանգում են’

741

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տվյալներ է հրապարակել Ուկրաինայի արևելքում առևանգումների և խոշտանգումների վերաբերյալ, որոնց ենթարկվում են բողոքի մասնակիցներն ու լրագրողները:

«Առևանգումներ և խոշտանգումներ Ուկրաինայի արևելքում» վերնագրված զեկույցում հարյուրավոր օրինակներ են բերված: «Առևանգումների մեծ մասը զինված անջատականներն են գործում: Նրանց զոհերը դաժան ծեծի և խոշտանգումների են ենթարկվում»,- հայտնել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը: Նրա խոսքով՝ իրավապաշտպանները փաստեր ունեն, որ մարդկանց առևանգում են նաև ուկրաինական իշխանության կողմնակիցները, սակայն նման դեպքերը նշանակալիորեն քիչ են:

Կազմակերպությունում նաև նշում են, որ առևանգումների մեծ մասը կատարվում է քաղաքական նկատառումներով, սակայն երբեմն դա արվում է նաև փրկագին ստանալու նպատակով:

Իրավապաշտպանների տվյալներով՝ Ուկրաինայում մարդու իրավունքների պահպանմանը հետևող ՄԱԿ-ի առաքելությունը վերջին երեք ամիսներին արձանագրել է քաղաքացիների առևանգման 222 դեպք: Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ ապրիլից մինչև հունիս առևանգվել է 500 մարդ: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Մեքսիկական քաղաքի քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’