‘Amnesty. Եգիպտոսում աղետ է մարդու իրավունքների ոլորտում’

773

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նախազգուշացնում է Եգիպտոսում նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալումից մեկ տարի անց մարդու իրավունքների «աղետալի» վատթարացման մասին:

Կազմակերպության տվյալներով՝ առնվազն 16 հազար մարդ անցյալ տարի ձերբակալվել է Մուրսիի կողմնակիցների դեմ կազմակերպված միջոցառումների շրջանակում, նրանցից 80-ը մահացել են կալանավայրերում:

Մուրսիի տապալման մեկամյակի առթիվ, որը նշանավորվել է նրա կողմնակիցների նոր ակցիաներով, Եգիպտոսում խստացվել են անվտանգության միջոցառումները: Երեկ Եգիպտոսի ոստիկանությունը Կահիրեում և Ալեքսանդրիայում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ: Հաղորդվում է մի քանի տասնյակ ձերբակալությունների մասին:

Իրավապաշտպան կազմակերպության՝ հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում նշվում է, որ այս տարի Եգիպտոսում արձակվել է 1247 մահվան դատավճիռ, որոնցից 247-ը հաստատվել են:

Amnesty International-ը պնդում է, որ ձերբակալվածներից ոմանք մահանում են ոստիկանական բաժիններում խոշտանգումների արդյունքում: Իրավապաշտպանների կարծիքով՝ անվտանգության ծառայությունները նույն մեթոդներն են կիրառում, ինչ կիրառվում էր Հոսնի Մուբարաքի իշխանության ամենադաժան տարիներին: Կտտանքների «գործիքներից» են՝ էլեկտրաշոկը, դռնախորշում կախելը և բռնաբարությունը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացի զինվորականները հաջողություններ են գրանցել Սլավյանսկի մատույցներում’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն արգելել է Մարադոնային այցելել մարզադաշտերի VIP оթյակներ’