‘Amnesty International-ը մտահոգված է Վրաստանում ադրբեջանցի լրագրողի առեւանգմամբ’

1660

‘

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին՝ հետաքննել Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլիի առևանգման մասին գործը և պարզել, թե արդյոք դրան ներգրավված են Վրաստանի ուժային գերատեսչությունները:

Amnesty International կազմակերպության ներկայացուցիչ Լևան Ասատիանին խոսել է արդեն Բաքվի բանտում գտնվող Աֆղան Մուխթարլիի փաստաբանի հետ եւ հայտնել, որ ըստ ամենայնի, Վրաստանի կառավարական գերատեսչությունները ներգրավված են եղել լրագրողի առեւանգման գործողությանը: Փաստաբանը տեղեկացրել է, որ Թբիլիսիի կենտրոնից Մուխթարլիին առևանգել են քաղաքացիական հագուստով՝ վրացերեն խոսող անձինք: Նրանք մտցրել են նրան մեքենան և դուրս բերել Թբիլիսիի սահմաններից: Այնուհետև նրան դաժան ծեծի են ենթարկել, կապել են աչքերը և նստեցրել մեկ այլ մեքենա, և Ադրբեջանի հետ սահմանին նստեցրել են երրորդ մեքենան, որտեղ խոսել են ադրբեջաներեն:

Արդեն ադրբեջաներեն խոսող անձինք լրագրողի մեքենայի մեջ խոշոր գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի անօրինական տեղափոխման և սահմանն ապօրինի հատելու համար:

Ասատիանին տեղեկացրել է, որ «Amnesty International»-ը մտահոգված է լրագրողի ծեծի փաստի առնչությամբ, այդ պատճառով միջազգային կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի կառավարությանը հնարավորինս արագ հետաքննել այդ գործը և պարզել, թե արդյոք դրան ներգրավված են ուժային կառույցները, Վրաստանի քաղաքացիները կամ Վրաստանի իրավասության տակ գտնվող անձինք:

Օրերս ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող կայքերից մեկը ծավալուն հոդված է հրապարակել Թբիլիսիում իբր գործող ադրբեջանցի ընդհատակյա ընդդիմադիրների ցանցի մասին: Դրանում, ըստ հրապարակման, ընդգրկված են հայտնի վիրաբույժ Ֆարման Ջեյրանովը, ընդդիմադիր կուսակցության անդամ Գեզալ Բայրամլին եւ Աֆղան Մուխթարլին: Ջեյրանովը եւ Բայրամլին օրերս ձերբակալվել են:

 

‘

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն սկսել է սպառազինության մատակարարումը սիրիացի քրդերին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Եմենում սով է և խոլերայի համաճարակ’